Գյումրու Ալեք Մանուկյան 26 և Երևանի Ալեք Մանուկյան 15 ա հասցեները կապող ճանապարհը տանում է դեպի Եվրոպա

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար, «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող Մարիամ Ղարագյոզյանի և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արուսյակ Գյունաշյանի հանդիպումը Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ հագեցած էր հետաքրքիր և կարևոր տեղեկատվությամբ նրանց համար, ովքեր հետաքրքրված են եվրոպական կամավորական ծրագրերով և միջազգային ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական հնարավորություններով:

Երիտասարդական աշխատողների շարժունակության և փոխանակման ծրագրերը եվրոպական երկրների տարբեր կառույցների հետ համագործակցության միջոցով կրթական, երիտասարդական աշխատանքի, գործընկերային նոր կապերի հաստատման, մասնագիտական վերապատրաստումների,ուսումնական ծրագրերի միջոցով աշխարհը նորովի բացահայտելու, միջմշակութային երկխոսության կայացման և միջազգային հարթակներում աշխատելու հմտությունների և կարողությունների ձևավորման բացառիկ հնարավորություն է:

Բանախոսների կողմից ներկայացված՝«Էրազմուս+ Երիտասարդություն» և

«Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերը հասանելի են տարբեր տարիքի երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական աշխատողների համար և կարող են վճռորոշ դեր կատարել նրանց անձնական և մասնագիտական աճի, աշխարհաճանաչողության զարգացման և իրենց ստացած փորձն ու գիտելիքները մեր երկրին ծառայեցնելու գործում:

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին ծրագրերին մասնակցելու հնարավորությունների, առցանց հարթակների միջոցով առաջարկներին ծանոթանալու, դիմելու ընթացակարգի հետ կապված մանրամասներ: Բանախոսները պատասխանեցին նաև ծրագրերով հետաքրքրված ուսանողների հարցերին՝ հավաստիացնելով, որ ներկայացված ծրագրերն իրենց բազմավեկտոր ուղղություններով հասանելի են յուրաքանչյուրին, ովքեր ցանկանում են ինտեգրվել եվրոպական ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական ընտանիքին:

Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը, շնորհակալություն հայտնելով բանախոսներին, նշեց, որ Հյուսիսային համալսարանը, ակտիվորեն ներգրավված լինելով միջազգայնացման գործընթացում, կարևորում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը մեկ քայլով կմոտեցնի մեր ուսանողին միջազգային ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններին: Լուսինե Ֆլջյանը նշեց նաև համագործակցության շարունակականության ապահովման և առաջիկայում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտության մասին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն