Վերջին դաս ավագ դպրոցում

Շնորհավորանքներ, ծաղիկներ, ուսուցիչներին ուղղված սիրո խոստովանություններ, հուզմունքից խճճված խոսքեր ու ապագային ուղղված լուսավոր հայացքներ… Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում վերջին դաս է. դաս, որ ազդարարում է այսուհետ կյանքի դասացուցակով ապրելու սկիզբը:

Համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը շնորհավորում է շրջանավարտներին՝ նշելով որ ուր էլ տանեն ճանապարհները, միևնույնն է, նրանք շարունակելու են ամուր թելերով կապված մնալ սիրելի դպրոցին, իսկ համալսարանի ղեկավարությունը մշտապես պատրաստ է լինելու կանգնել նրաց կողքին՝ որտեղ էլ լինեն. «Հյուսիսային համալասրանի ավագ դպրոցում անցկացրած ուսումնառության այս տարիները դեռ երկար մնալու են ձեր հիշողության մեջ և այստեղ ստացած գիտելիքը ծառայելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում: Ձեր տնօրինությունը, ուսուցիչները ջանք չեն խնայել ձեր մեջ մարդկային բարձր արժանիքներ սերմանելու, հանրությանը պիտանի անհատներ ձևավորելու գործում: Եվ դուք կյանք եք մտնում այնպիսի գիտելիքներով ու կարողություններով, որոնք ծառայելու են ձեզ կյանքի բոլոր փուլերում»:

-Մենք վայելելու են ձեր կառուցած ապագան, — այս պատգամով է սաներին կյանք ճանապարհում Ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սարգսյանն ու ծրարում սիրելի սաների նպատակներն ու երազանքները՝ հինգ տարի անց նույն տեղում դրանք բացելու պայմանով:

Բարի երթ , սիրելի՛ շրջանավարտներ. թո՛ղ իրականանան ձեզ համար հնչած բոլոր մաղթանքները: Այնպես անցեք ձեր ճանապարհը, որ կյանքի շքերթում միշտ ունենաք ձեզ արժանի տեղը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն