Առցանց կրթական ծրագիր՝ «Մեդիագրագիտություն և թվային քննադատական կարողություններ»

«Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկել է ուսանողների համար նախատեսված առցանց կրթական ծրագիրը՝ «Մեդիագրագիտություն և թվային քննադատական կարողություններ» խորագրով։ Ծրագիրն իրականացվում է ԱՓ4-ի և COIL (Collaborative Online International Learning) համագործակցային առցանց միջազգային ուսուցման ձևաչափի շրջանակում՝ նպաստելով ուսանողների թվային, քննադատական և միջմշակութային կարողությունների զարգացմանը։ Դասընթացի նպատակն է զարգացնել ուսանողների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և թվային միջավայրում պատասխանատու վարքագիծը։ Մասնակիցները հնարավորություն ունեն ուսումնասիրելու տեղեկատվական էկոհամակարգերը, աղբյուրների գնահատման մեխանիզմները, ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման առանձնահատկությունները, ինչպես նաև համացանցում ալգորիթմների ազդեցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մեդիայի էթիկային, թվային պատասխանատվությանը և արհեստական բանականության հնարավորություններին ու ռիսկերին։ COIL ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի և արտասահմանյան բուհերի ուսանողներին համագործակցել առցանց միջավայրում, մասնակցել համատեղ ուսումնական գործունեության և զարգացնել միջազգային ու միջմշակութային հաղորդակցության հմտություններ։

👩‍🏫 Դասընթացը վարում են՝

✔️ Լուսինե Ֆլջյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր,

✔️ Արուսյակ Իվանյան՝ բ.գ.թ., դոցենտ, Հյուսիսային համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար

✔️ Աննա Մկրտչյան՝ բ.գ.թ., Եվրասիա միջազգային համալսարանի Լրագրության բաժնի դասախոս։ 🎓 Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան 3 ECTS կրեդիտին համապատասխան վկայականներ։ Դասընթացը համադրում է տեսական գիտելիքները, գործնական աշխատարանները և միջազգային առցանց համագործակցությունը՝ նպաստելով ուսանողների ժամանակակից թվային և քննադատական կարողությունների զարգացմանը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն