«Թվային անցում համալսարանական կառավարման և վարչարարության ոլորտում»

Կարևորելով բարձրագույն կրթության ոլորտում թվային վերափոխման գործընթացների անհրաժեշտությունը՝ Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը և Հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի պետ Արփինե Ալեքսանյանն օրերս մասնակցեցին Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից կազմակերպված «Digital Transition in University Governance and Management» («Թվային անցում համալսարանական կառավարման և վարչարարության ոլորտում») թեմայով հանդիպմանը, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ SPHERE նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գլխավոր բանախոս և փորձագետ, պրոֆեսոր Թրասիվուլոս Ցիացոսը (Thrasyvoulos Tsiatsos) ներկայացրեց միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները համալսարանական կառավարման և վարչարարության թվային վերափոխման ոլորտում։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում թվային վերափոխման ներկա վիճակին, իրականացվող նախաձեռնություններին, տեղեկատվական համակարգերի, տվյալների կառավարման, փոխգործունակության և թվային գործընթացների հետ կապված հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև որակի ապահովման հիմնախնդիրներին։ Մասնակիցները քննարկեցին նաև հայկական բուհերի հետագա թվայնացման առաջնահերթություններն ու թվային զարգացման ճանապարհային քարտեզի մշակման հնարավոր ուղղությունները։ Հյուսիսային համալսարանի համար նման միջոցառումներին մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական առաջատար փորձին, ուսումնասիրելու համալսարանական կառավարման և կրթական գործընթացների թվայնացման նորարարական լուծումները, ինչպես նաև զարգացնելու թվային փոխակերպման ռազմավարական ուղղությունները։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կարող են նպաստել համալսարանում ժամանակակից թվային գործիքների և կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը՝ բարձրացնելով կրթական և վարչական գործընթացների որակը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն