«Լազարյան ճեմարանը և հայ մեծերը»

Սեպտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը, որը համախմբել էր հանրապետության առաջատար գիտնականներին, հետազոտողներին և դասախոսներին:

Գիտաժողովին բովանդակալից և արժեքավոր զեկուցմամբ հանդես եկավ նաև Հյուսիսային համալսարանի լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը:

Նրա «Հովհաննես Թումանյանի և Լազարյան ճեմարանի գործիչների նամակագրությունը. գրականագիտական քննություն» թեմայով զեկուցումն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին: Զեկուցման ընթացքում բ.գ.թ., դոցենտ Ն. Մկրտչյանը մանրամասն գրականագիտական վերլուծության ենթարկեց Ամենայն հայոց բանաստեղծի և Լազարյան ճեմարանի երևելի գործիչների միջև ծավալված նամակագրությունը՝ վեր հանելով պատմամշակութային և գրական կարևոր փաստեր, որոնք նոր լույս են սփռում հայ մշակութային կյանքի հարուստ ժառանգության վրա:

Հյուսիսային համալսարանը մեծապես կարևորում է իր պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ ներգրավվածությունը նմանօրինակ համահայկական և միջազգային գիտաժողովներին:

Գիտական հարթակներում մեր դասախոսների ներգրավվածությունը ոչ միայն նպաստում է ակադեմիական փորձի փոխանակմանն ու ակտիվ երկխոսությանը, այլև բարձրացնում է համալսարանի գիտահետազոտական վարկանիշը. գիտական հետազոտությունների արդյունքներն ու վերլուծություններն ինտեգրվում են ուսումնական գործընթացում՝ ուսանողներին փոխանցելով հարուստ ու արդիական գիտելիքներ:

Իսկ հայագիտական կարևորագույն թեմաների քննարկումն ու վերհանումը վկայում են մեր մասնագետների հանձնառության մասին՝ շարունակելու և հարստացնելու ազգային-գիտական ավանդույթները:

Ջերմորեն շնորհավորում ենք Նունե Մկրտչյանին հաջողված և բովանդակալից զեկուցման կապակցությամբ՝ մաղթելով գիտական նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն