Միջազգային ակադեմիական համագործակցության նոր հորիզոններ Հյուսիսային համալսարանում

Հյուսիսային համալսարանը հյուրընկալել է Լեհաստանի Զիելոնա Գուրայի համալսարանի Ժամանակակից լեզուների ինստիտուտի պրոֆեսոր, բ.գ.դ. Մարեկ Սմոլուկին:

Ուսանողների և դասախոսական համակազմի հետ հանդիպման ընթացքում միջազգային ակադեմիական ոլորտում հարուստ փորձառություն ունեցող պրոֆեսորը համապարփակ ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի ընձեռած լայն հնարավորությունները։ Պրոֆեսոր Սմոլուկը հատուկ ընդգծեց ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու հարցում միջբուհական հետազոտական նախագծերի իրականացման և ակադեմիական փոխանակման խթանման կարևորությունը։

Առանձնակի ուշադրություն դարձվեց ուսանողների և համալսարանական աշխատակիցների շարժունության աջակցության գործնական մեխանիզմներին, որոնք հնարավորություն են տալիս սովորել եվրոպական առաջատար բուհերում, մասնավորապես՝ Զիելոնա Գուրայի համալսարանում՝ ձեռք բերելով միջազգային փորձառություն, հարստացնելով լեզվական ու մասնագիտական հմտությունները , նպաստելով աշխարհաճանաչողությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը:

Հատուկ ընդգծելով Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի դերը Զիելոնա Գուրայի և Հյուսիսային համալսարանի միջև արդեն իսկ սկսված արդյունավետ համագործակցության գործում, պրոֆեսոր Սմոլուկը հույս հայտնեց, որ երկու համալսարանների միջև գործնական և բարեկամական կապերը կստանան նոր, առավել հետաքրքիր դրսևորումներ:

Ի դեպ, ուրախությամբ պետք է նշենք, որ Հյուսիսային համալսարանի երկու ուսանող արդեն իսկ հավաքում են ճամպրուկները՝ հաջորդ կիսամյակը Զիելոնա Գուրայի համալսարանում անցկացնելու համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն