ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ ՄՐՑՈՒՅԹ

Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ Իրավագիտության և հասարակագիտության առարկաների ամբիոնի դասախոս, թիմի մարզիչ Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ, մասնակցեցին քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ մրցույթին, որը կազմակերպվել էր Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից։
Հաջողությամբ հաղթահարելով մրցույթի գրավոր փուլը՝ Հյուսիսային համալսարանի թիմը մասնակցեց նաև բանավոր փուլին՝ ցուցադրելով իրավական գիտելիքների, վերլուծական մտածողության, փաստարկման և հռետորական հմտությունների բարձր մակարդակ։
Մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արմեն Առաքելյանն արժանացավ ՀՀ Արդարադատության ակադեմիայի հատուկ մրցանակին՝ «Լավագույն հռետոր» անվանակարգում, նաև՝ Արդարադատության ակադեմիայի որոշ դասընթացների մասնակցելու հնարավորություն։
Թիմի մյուս անդամները և մարզիչ Էդգար Մանուչարյանը ևս պարգևատրվեցին հավաստագրերով։
Այս հաջողությունը վկայում է ուսանողների մասնագիտական պատրաստվածության, հետևողական աշխատանքի և գործնական իրավաբանական հմտությունների զարգացմանն ուղղված ջանքերի մասին։
Շնորհավորում ենք Արմեն Առաքելյանին, Դավիթ Աբրահամյանին, Արսեն Ավանեսյանին և Արաքսյա Բաղդասարյանին` մաղթելով նորանոր հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և հաղթանակներ։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
